«Հրապարակը» զրուցել է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ` փորձելով հասկանալ, թե ի վերջո որ ուժին են սատարում Հայաստանի եզդիները եւ ինչի համար:
Պարոն Թամոյան, այս օրերին եզդիների անունից տարբեր հայտարարություններ են հնչում` տարբեր ուժերի սատարելու մասին: Հիմա ո՞ւմ են սատարում եզդիները` ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին:
Ես ինքս Հանրապետական կուսակցության անդամ եմ: Կոչ եմ արել ՀՀԿ-ին սատարել: «Բարգավաճին» սատարողներ էլ կան՝ մի քանի հոգի, իրանց իրավունքն է: Եզդիները 60 հազար են: Կարող է մի քանի հազարը գնա «Բարգավաճ», մի քանի հազարը՝ «Ժառանգություն», մի քանի հազարը գնան տարբեր կուսակցություններ, մենք չենք կարող պարտադրել: Միջազգային օրենքներ կան, որ մենք, որպես ազգային փոքրամասնություն, պիտի լինենք իշխանավորների կողքը, որ ոչ մեկը մեզանից չնեղանա:
Եզդիների մի մաս կա, որ պնդում է, թե Դուք իրավունք չունեք ողջ եզդիների անունից հայտարարել, թե Հանրապետականին են սատարում եզդիները:
Ես չեմ հայտարարել, ես կոչ եմ արել: Դա իմ իրավունքն է:
Ստացվում է, որ հիմա ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն եզդիներին խլո՞ւմ են իրարից:
Ես էդ բանը չեմ ասում, Դուք եք ասում: Խլելու բան չկա: Դա յուրաքանչյուրի իրավունքն է, թե ով ոնց կընտրի:
Այդ դեպքում ինչո՞ւ են տարբեր հայտարարություններ հնչում: Հնարավո՞ր է ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի պատճառով եզդիների միջեւ բաժանումներ, տարակարծություններ լինեն:
Նման բան չկա եւ չի լինելու:
Իսկ ինչո՞ւ եք միշտ իշխանության կողքը, ինչո՞ւ, օրինակ, ընդդիմությանը չեք սատարում: Արդյոք այդքան իշխանասե՞ր են եզդիները:
Իշխանասեր չենք: Միջազգային կոնվենցիայի համաձայն, մենք միջազգային օրենքներով ենք խոսում, մենք պարտադիր ձեւով պետք է լինենք իշխանության կողքին: Դա աշխարհով է էդպես ընդունված:
Բայց նման օրենք չկա: Ո՞վ է ասել, որ պիտի լինեք իշխանության կողքին:
Կան: Նման միջազգային օրենքներ կան: Երեւի Դուք տեղյակ չեք:
Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ նման օրենք կա:
Արտասահմանում, օրինակ, եզդիներն իշխանավորների կողքն են. Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում մեծ համայնքներ ունենք:
Փաստորեն, ուզում եք արտասահմանի եզդիներից հետ չմնաք, դրա համա՞ր եք իշխանությունների կողքին:
Բա իհարկե: Հիմա մեր միությունը կանգնած է բանի, ի՞նչ է անունը` Հանրապետական կուսակցության կողքը: Հիմա լավ է, վատ է, ինչ է, ես դրա անդամն եմ: Ես չեմ կարող թողնեմ, որ իմ իրավունքները խախտեն: Ես իրավունք չունեմ բարոյապես:
Փաստորեն, հիմա Դուք սատարում եք մի ուժի, մինչդեռ մի տարի առաջ բողոքում էիք, թե նախագահի եղբայրը եզդիներին զրկել է ոչխարներից՝ ոչխարները էժան առնում է եզդիներից, տանում Իրանում թանկ ծախում:
Դա ինձ չվերաբերող խնդիր է, նախագահի եղբայրն ա եղել, ով է եղել: Ժամանակին ես ոչխարների մասին ասել եմ, որ դուրս չտանեն: Էն ժամանակ գառան միսը 1700 էր, հիմա դարձել է 4000: Ես էդպես էլ գիտեի, որովհետեւ ոչխարների թիվը պակասել է մեզ մոտ: Ես դրա համար ուզում էի, որ ոչխարները շատ լինեին: ...Բայց այս իշխանավորների ժամանակ մենք ռադիոհաղորդում ունենք, «Եզդիխանա» թերթ ունենք, դասագրքեր են հրատարակվել, բավականին աշխատանքներ են արել, մենք էլ պարտավոր ենք իշխանավորների կողքը լինել:
Անգամ եթե զրկվե՞լ եք ոչխարներից նույն այդ իշխանավորների պատճառով:
Ոչխարների հերն էլ անիծած: Ոչխարներ հիմա ո՞վ ա պահում: Սաղ թողնում-գնում են արտասահման: Ոչխարներն էլ դժվար է, հիմա չեն կարողանում պահել: Հեսա մի քանի տարի հետո Հայաստանում շատ քիչ քանակությամբ եզդիներ ու ոչխար կմնա:
Ստացվում է` եզդիները արտագաղթում են Հայաստանից իշխանավորների վարած քաղաքականության պատճառով:
Ոչ, ոչ, ես նման բան չասացի:




























