Խորհրդային մուլտիպլիկացիայի պատրիարք, այնպիսի հայտնի պերսոնաժների ստեղծող, ինչպիսիք են «Վիննի Թուխը» եւ «Բոնիֆասը», նշում է հոբելյանը. Ֆյոդոր Խիտրուկը 95 տարեկան է:
«Նա ֆիլմին վերաբերում է ինչպես երաժշտական ստեղծագործության, նա այն կառուցում է ռիթմիկ, տոնայնորեն, մեղեդային, համաժամանակյա: Այդ բոլորը բացարձակ կոմպոզիցիա է», - պատմում է գեղանկարիչ-անիմատոր Էդուարդ Նազարովը:
Ֆյոդոր Խիտրուկն ինքը պատմում է, որ «մուլտիպլիկացիան մտքի եւ կերպարի միջեւ ամենակարճ տարածությունն է», իսկ անիմատորներին անվանում է «փոքրիկ աստվածներ», քանի որ նրանք կերպար են ստեղծում եւ դրան կյանք հաղորդում:
Երբ Խիտրուկն ամերիկյան «Վիննի Թուխի» ռեժիսոր Վոլֆգանգ Ռայթերմանին ցույց է տվել իր աշխատանքը, նա ասել է. «Քո Վիննի Թուխն ինձ ավելի է դուր գալիս, քան իմ սեփականը»: Խիտրուկը հեղափոխություն է կատարել անիմացիոն ոլորտում, նա ընդլայնեց թեմաների եւ սյուժեների շրջանակները եւ մանկական մուլֆիլմերի հեռուստադիտող դարձրեց մեծահասակներին: Խիտրուկի դեբյուտը` «Մի հանցագործության պատմություն», դրամատիկական կատակերգություն է, «Կղզին» նման է մենության մասին առակի, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմը» կարելի է անվանել կինոգլուխգործոցի ստեղծման նմանակում, «Բոնիֆասի արձակուրդները»` քնարական հեքիաթ, ասվում է vesti FM-ի ռեպորտաժում;
Ռուս անիմատորների արդեն մի քանի սերունդ պնդում են, որ իրենք բոլորը Խիտրուկի սաներն են: Իսկ վարպետն ինքը հարցին, թե ռուսական անիմացիան ինչու է այդքան տարբեր մնացածներից, պատասխանել է, որ ռուսական մուլտֆիլմերը հոգի ունեն, որը նկարիչը ներդնում է յուրաքանչյուր կերպարում եւ յուրաքանչյուր կադրում:


























