Ուլտրաաջ «Ազգային ճակատի» առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարի Լե Պենն իր կողմնակիցներին հնարավորություն է ընձեռել  ինքնուրույն ընտրություն կատարել Օլանդի եւ Սարկոզիի միջեւ: Նա նրանց կոչ չի արել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին:

«Քվեարկեք սեփական համոզմունքների համապատասխան»,-ասել է նա Փարիզի Օպերայի հրապարակում կայացած հանրահավաքում: Այսօր Մարի Լե Պենը համակիրների հետ մայիսմեկյան հանրահավաք է անցկացրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Լե Պենը նշել է, որ անձամբ ինքը ոչ ոքի օգտին չի քվեարկի. Նա երկու թեկնածուներին էլ խիստ քննադատության է ենթարկել:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Լե Պենի կողմնակիցների  քվեարկությունը կարող է վճռորոշ լինել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:  Ահա թե ինչու Սարկոզին, որն առաջին փուլում 27,18% էր հավաքել,  իր առաջին իսկ ճառում դիմել էր ուլտրաաջ ընտրազանգվածին, թեեւ ավելի ուշ հայտարարել էր, որ Լե Պենի հետ այս հարցի շուրջ չի պայմանավորվի:  «Ազգային ճակատի» կողմնակիցների հետ հույսեր է կապում նաեւ 28,63% ձայն հավաքած Օլանդը` հայտարարելով, որ Լե Պենի օգտին քվեարկածները դրանով իրենց սոցիալական բողոքն են արտահայտել: Հիշեցնենք, Մարի Լե Պենը առաջին փուլում երրորդ տեղն էր զբաղեցրել. նրա օգտին քվեարկել էին ընտրողների 17,9%-ը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 6-ին: