Իրաքի իշխանությունները հեռակա մեղադրանք են ներկայացրել փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին: Նրան մեղադրել են վեց մարդու սպանության եւ ահաբեկչությունների կազմակերպման մեջ:

Հաշեմիի դատավարությունը կսկսվի մայիսի երեքին Բաղդադում: Այս պահին Ստամբուլում գտնվող փոխնախագահը դրան  ներկա չի լինի, հաղորդում է rbc-ն:

Հաշեմիի ձերբակալման հրամանը տրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին:  Սունի մահմեդական փոխնախագահը մեղադրվել է ահաբեկչությունների կազմակերպման եւ բաղդադյան դատարանի աշխատակիցների սպանության մեջ:

Կալանքի հրամանն ստանալուց անմիջապես հետո նա փախել էր արտասահման:

Հաշեմին հերքում է իր մասնակցությունը հանցագործություններին եւ կարծում, որ իր դեմ մեղադրանքները հորինված են կառավարության կողմից, որը ղեկավարում է շիա մահմեդական Նուրի ալ Մալիկին: Նրա խոսքով` վկաների ցուցմունքները դաժան կտտանքների կիրառմամբ են ստացվել: