Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի նախագահի եւ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով Լատվիայի իր գործընկերոջը Հայաստանում` նախագահ Սարգսյանն ասել է, թե «քաղաքական երկխոսության ակտիվացումը վկայում է երկկողմ հարաբերությունները խորացնելու մեր երկրների հետաքրքրության մասին: Ձեր այցելությունը ես դիտարկում եմ հենց այդ համատեքստում»:
Լատվիայի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական կողմի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:
Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ:
Նախագահ Զատլերսը Հայաստանի նախագահին հրավիրել է այցելելու Լատվիա: Կողմերը հատկապես կարեւորել են տնտեսության բնագավառում երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրներում կան ապրանքներ ու ծառայություններ, որոնք պահանջարկ կունենան միմյանց շուկաներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության հնարավորություններին, կարեւորվել մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացումը:
Այնուհետեւ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են միջկառավարական եւ միջգերատեսչական չորս համաձայնագրեր:




























