Նյուտ Գինգրիչը հեռանում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մղվող  մրցապայքարից: Սպասվում է, որ մայիսի 2-ին նա հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Մայիսի 1-ին Գինգրիչն իր վեբ կայքում տեսաուղերձ է տեղադրել: Նա շնորհակալությւոն է հայտնել  համարյա 180 հազար մարդու, որոնք միջոցներ էին նվիրաբերել իր նախընտրական քարոզարշավի համար եւ շուրջ 2,5 միլիոն ընտրողների, որոնք քվերակել էին նրա օգտին հանրապետական փրայմերիզների ընթացքում:

Ընդ որում Գինգրիչը հայտարարել էր, որ  երկիրը նախկինի պես գտնվում է «ծանրագույն ճգնաժամում», եւ որ Բարաք Օբամայի վերընտրվելը կլինի  «իսկական աղետ», հայտնում է  «Ամերիկայի ձայնը»: Սակայն  հանրապետականներից նախագահական ընտրություններիհի մնական թեկնածու Միթ Ռոմնիի անունը նա այդպես էլ չի հիշատակել: 
Ըստ հասարակական կարծիքի հարցումների արդյունքների`Գինգրիչն ամբողջ ընթացքում հետ է մնացել Ռոմնիից եւ Ռիկ Սանթորումից` առաջ անցնելով միայն Ռոն Փոլին:

Ռիկ Սանթորումը խաղից դուրս էր եկել նախորդ ամիս: Փոլը դեռեւս չի հրաժարվել նախընտրական մրցապայքարում հետագա մասնակցությունից, չնայած որ նա ոչ մի  հնարավորություն չունի Միթ Ռոմնիից առաջ անցնելու, որը տվյալ պահին վստահ գլխավորում է մրցապայքարը: