Եթե ընտրությունները չկեղծվեն Հայ ազգային կոնգրեսը շատ մեծ հնարավորություն ունի ԱԺ-ում մեծամասնություն կազմելու: Այս մասին, այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Քարոզարշավի ընթացքը ՀԱԿ-ին հիմքեր է տալիս ասելու, որ ՀՀԿ-ն իրականում երեք տոկոս ձայն չունի, ինչը չի կարելի ասել ԲՀԿ-ի մասին»,- նշեց նա: Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, ընտրությունների արդյունքում իրենք կարող են լինել կամ առաջինը, կամ երկրորդը:
ՍԴՀԿ ատենապետը ԲՀԿ-ին ընդդիմություն չի համարում, քանի որ երբեք այդպիսին չի եղել եւ հիմա էլ դեռ կոալիցիայի անդամ է: «Ինչ վերաբերում է ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, նորից եմ կրկնում` սա քաղաքական շահեր էին եւ այստեղ մեր քաղաքական շահերը համընկնում են: Մենք երբեք ԲՀԿ-ին չենք հայտարարել որպես ընդդիմություն, որովհետեւ ընդդիմությունը նա է, ով հինգ տարի փողոցում պայքար է ծավալել եւ ժողովրդի կողքին է եղել, ինչպես նաեւ ներկայացրել է այս իշխանության իրական պատկերը»,- մանրամասնեց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ իրականում ԲՀԿ-ն իրենց մրցակիցն է, ինչպես ՀՅԴ-ն եւ ներկայացված մյուս բոլոր քաղաքական ուժերը:




























