Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Հատուկ տեխնիկական միջոցառումների կառավարման բյուրոյի պետ Վիկտոր Գրիգորովը 2011թ. արդյունքով դարձել է Ռուսաստանի ՆԳՆ-ի ամենահարուստ աշխատակիցը` ինն անգամ ավելի բարձր վաստակելով նախարար Ռաշիդ Նուրգալիեւից:
Ըստ ոստիկանության աշխատակիցների 2011 թվականին ունեցած եկամուտների տվյալների, որը հրապարակված է ՆԳՆ-ի պաշտոնական կայքում, Գրիգորովը վաստակել է 28,3 միլիոն ռուբլի, նրա սեփականությունն են երկու բնակելի տներ` 217 քմ ընդհանուր մակերեսով: Նա կնոջ հետ հավասար իրավունքներ ունի 128 քմ մակերեսով տան եւ Audi А6 մեքենայի նկատմամբ:
Ոստիկանական պաշտոնյայի կնոջ սեփականությունն է 100 քմ մակերեսով բնակարան, հաղորդում է «Ռոսբալտը»:
ՆԳՆ-ի ամենագաղտնի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի կինը հրապարակել է 6 միլիոն ռուբլու եկամուտ:
Ռուսաստանի ՆԳՆ-ի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը, ըստ հրապարակված եկամուտների, անցյալ տարվա ընթացքում վաստակել էր 3,1 միլիոն ռուբլի, իսկ նրա կնոջ եկամուտը կազմել էր 1 միլիոն ռուբլուց քիչ ավելի:




























