Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի ժամանակ:
Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանում այսօր տիրում է ամենաթողությունը, եւ ամենուր անարդարություն է:
«Երթը ցույց է տալիս, որ ժողովուրդը, բարեբախտաբար, չի համակերպվում այս վիճակի հետ եւ, համոզված եմ , որ ի վերջո շարունակական պայքարը՝ հանուն օրինականության, իր արդյունքը կտա»,-ասաց ՀԺԿ առաջնորդը:
Ինչ վերաբերում է այսօր հայաստանյան բանտերում գտնվող 15 քաղբանտարկյալների գոյությանը, Դեմիրճյանն ասաց, որ նրանք ոչ հեռու ապագայում ազատության մեջ կհայտնվեն:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, եւ այդ առթիվ Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներով:
Ներկայումս Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ, որոնց մեծամասնությունը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության արդյունքում զոհվեցին 10 հոգի:




























