Լրագրողական գործունեության ամենաուշագրավ դրվագներից են հնչող սպառնալիքները եւ առաջարկվող կաշառքները: NEWS.am-ի փոքրիկ դիտարկումը լրագրողների շրջանում ցույց է տալիս, որ մեր գործընկերների ամենաշատ լսած սպառնալիքները «մի ձայնագրիր, գլուխդ կջարդեմ» արտահայտությունների տեսքով է, իսկ ամենահաճախակի հանդիպող «կաշառաքները» տարբեր տոների կապակցությամբ կազմակերպվող հավաքույթներին տրվող փաթեթների կամ սիմվոլիկ նվերների տեսքով են: Բայց ահա լինում են նաեւ շատ ավելի «կրեատիվ» կաշառքներ եւ սպառնալիքներ, որոնք լրագրողները հիշում են ամբողջ կյանքի ընթացքում: Այսպես, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի լրագրողական գործունեության ընթացքում լսած ամենահիշարժան սպառնալիքը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի («Նավո») կողմից էր, ով ԱԺ նիստերի դահլիճում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ հայտարարել էր, թե «գլուխդ կցխեմ էս պատին», իսկ ամենամեծ կաշառքը Երեւանի նախկին քաղաքապետերից մեկի կողմից էր` դոլարների բավական հաստ տրցակի տեսքով:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի լրագրողական գործունության ընթացքում լսած ամենահիշարժան սպառնալիքը մի քանի տարի առաջ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի` «աչքդ կհանեմ» արտահայտություն էր, իսկ շատ սպառնալիքներ պարզապես իրականացրել են, օրինակ` իր, որդիների նկատմամբ քրեական գործեր եւ այլն: Վերջերս նրան կաշառք չեն առաջարկում, որովհետեւ հասկացել են, որ իմաստ չունի, բայց 4-5 տարի առաջ մեկ շաբաթվա ընթացքում առաջարկված կաշառքների ընդհանուր չափը հասել էր 32 հազար դոլարի: «Տարբեր մարդկանցից ինչ-որ առաջարկներ ստացա եւ բոլորի գումարը կազմեց 32 հազար դոլար, մի հատ մեքենա էր, մի հատ իմ մեքենան լրիվ վերանորոգել, մի հատ հողամաս Երեւանի ծայրամասում ու կանխիկ գումար»,- ասաց այդ ամենից հրաժարված լրագրողը:
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի լսած «ամենահիշարժան» սպառնալիքն էլ Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Գրիշա Սարգսյանի` «գլխից խփելու եմ» սպառնալիքն էր: Ինչ վերաբերում է կաշառքներին, ապա գլխավոր խմբագրի խոսքով, իր օրն սկսում է կաշառքների մերժումներով, հատկապես` նախընտրական շրջանում, երբ բոլոր քաղաքական ուժերը շատ առատաձեռն են դառնում: Նրան վերջերս Ղարաբաղից մի քանի շիշ դոշաբ էին ուղարկել, մի անգամ խմբագրություն 3 լիտրանոց մեղր էին ուղարկել, խմբագրին առաջարկել էին ամառանոց կղզում եւ այլն:
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանն օլիգարխներից տարբեր սպառնալիքներ է լսել, օրինակ` մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ կապված միջադեպը, երբ լրագրողը փորձել էր նրան հարց տալ, իսկ նա սպառնացել էր: Սպառնալիքներ եղել են նաեւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ») կողմից, 2008թ մարտի 1-ի դեպքերի ժամանակ` ոստիկանության կողմից, ինչպես նաեւ մի անգամ նյութ էին հրապարակել ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի («Բռլիանտի Գագո») մասին, ով զանգել էր եւ ասել, որ «եթե հրապարակում եք իմ մականունը, ես էլ ձերը կհրապարկեմ իմ թերթում», թեեւ այդպես էլ ոչինչ չէր հրապարակել, քանի որ լրագրողը մականուն չունի: Նրա խոսքով` կաշառքների հետ կապված հիմնական հարցերը լուծվում են խմբագիրների եւ լրատվամիջոցների ղեկավարների մակարդակով:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մի անգամ իրեն առաջարկել են «միկրոֆոնը դեն նետել ու ամուսնանալ իր տղայի հետ, ով բավականին ապահովված տղա է ու թույլ չի տա որպեսզի ինքը նման հիմար գործերով զբաղվի». որպես կաշառք` առաջարկել էին նաեւ բնակարան եւ ավտոմեքենա:
NEWS.am գործակալության լրագրող Տաթեւ Մեսրոպյանը լրագրողական գործունեության ընթացքում կաշառքների եւ սպառնալիքների պակաս չի զգացել: Ամենահիշարժան սպառնալիքն այն էր, երբ պաշտոնյաներից մեկն իմանալով, որ լրագրողի թուլությունն իր երկար մազերն են, խոստացել էր դրանք կտրել, եթե շարունակեր իր մասին գրել: Բայց, բարեբախտաբար, նա իր խոստումը չի իրականացրել եւ լրագրողի մազերն այդ օրվանից ավելի են երկարել: Ինչ վերաբերում է կաշառքներին, նրան ոչ միայն գումար, ավտոմեքենա, բնակարան, լավ աշխատանք են խոստացել, այլեւ տղա` ամուսնանալու նպատակով: «Ընտրություններից մեկի ժամանակ, երբ լրագրողները գնացել էին եւ ընտրատեղամասում միայնակ էին պայքարում կարուսելի եւ կրկնակի քվեարկությունների դեմ, թաղային հեղինակություններն իրար հաջորդելով գալիս եւ խնդրում, պահանջում, սպառնում էին, որ թողնեմ «աշխատեն»: Եվ ահա նրանցից մեկը` որպես հեղինակություն, մեծ շրջապատի եւ ունեցվածքի տեր անձնավորություն, ինձ ասաց, որ «թող նորմալ աշխատենք ինչ ուզես կանենք, ինչքան ուզես փողով կօգնենք, լավ գործի կդնենք, ընտանիքներով կմտերմանանք, իսկ եթե ամուսնացած չես, ընկեր չունես, հարմար թեկնածու կառաջարկենք»,- ասաց Տաթեւը` հավելելով, որ կաշառք առաջարկողը, տեսնելով անելանի վիճակը, զանգել է շեֆին եւ բողոքել, թե «սրան դոզա են տվել, ուղարկել, ոչ մի բան չեմ կարող անել»:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























