«Լատվիան, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները գնահատում է որպես շատ լավ, դրական ազդանշան ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, այլ նաեւ տարածաշրջանի այլ պետությունների համար, նույնիսկ կասեի` գլոբալ առումով»,- այդ մասին դեկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:

Մեկնաբանելով հայ-թուրքական մերձեցման գործընթացը՝ Լատվիայի նախագահը նշել է, թե հարաբերությունների բարելավումը միշտ էլ տալիս է ազգերի բարեկեցության բարելավման պտուղներ: «Իհարկե, հարաբերությունների բարելավման համար պետք է բարի կամք ունենալ: Ավելին ասեմ, բարի կամքը միշտ եղել է բոլոր լավ նախագծերի հիմքում, որոնք բերում են հարաբերությունների զարգացման առաջընթացին ու հաջողությանը: Այն, որ արձանագրությունները ստորագրվել են` առաջընթացի շատ մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ առումով»,- ասել է Վալդիս Զատլերսը: