Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսոա Օլանդի միջեւ հեռուստաբանավեճերը տեւել են 3 ժամ եւ բավականին մարտական են ստացվել` թեկնածուներն առանց վիրավորանքների չեն սահմանափակվել:
«Սուտ, հերյուրանք… փոքրիկ զրպարտիչ», - մի քանի անգամ իր հակառակորդին ասել է Նիկոլա Սարկոզին: «Ես այստեղ չեմ եկել, որ ինձ խաբեբա անվանեն», «Ձեզ լսելիս թվում է` դուք ոչ մի բանում մեղավոր չեք», «Այստեղ հարցերը դուք չեք տալիս, եւ դուք չեք գնահատականներ դնում», – պատասխանել է Ֆրանսուա Օլանդը: «Կարելի է ենթադրել, որ դուք անձամբ հակված եք այդ նույն ստին, որի մեջ մեղադրում եք ուրիշներին», հաղորդում է Ազատություն ռադիոն:
Հենց սկզբից զրույցի տոնը եղել է կտրուկ եւ լարված: Վիճել են ներգաղթային քաղաքականության, եվրոպական բյուջետային դաշնագրի, Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին:
Մինչ բանավեճի սկսվելը Ֆրանսուա Օլանդն ուներ յոթտոկոսանոց առավելություն հարցումներում: Սակայն Սարկոզիի հաղթաթուղթը հնգամյա նախագահությունն է, այսինք` 5 տարի տեսախցիկներ եւ հրապարակային ելույթներ: Բանավեճից առաջ նա ասել էր. «Ես կջախջախեմ հակառակորդին»: Սակայն առաջինը Սարկոզին է կորցնում ինքնատիրապետումը, երբ խոսքը գնում է ընտրողների ամենացավոտ տեղի` ճգնաժամի մասին: «Ինչ էլ որ պատահի, դուք ձեզանից գոհ եք, դա անհավանական է: Ինչ էլ որ պատահի, դուք ուրախ եք: Ֆրանսիացիներն այդքան էլ ուրախ չեն, բայց դուք ուրախ եք: Ես խոսում եմ տնտեսական աճի մասին», - նշել է Օլանդը:
Փոխադարձ մեղադրանքները վերաճել են վիրավորանքների: Սարկոզին Օլանդին անվանել է «փոքրիկ զրպարտիչ»: Փափուկ բնավորություն ունեցող սոցիալիստական թեկնածուն էլ հետ չի մնացել: «Ինչու եք դուք կարծում, որ ոչ Եվրամիությունից բոլոր ներգաղթողները մահմեդականնե՞ր են: Ի՞նչ եք ուզում ասել: Որ բոլորը, ովքեր եվրոպացի չեն` մահմեդակա՞ն են» – հարցրել է նա:
«Եկեք անկեղծ լինենք: Ներգաղթողները, որոնց դուք ուզում ընտրելու ձայնի իրավունք տալ ավագանու ընտրություններում, կանադացիներ եւ ամերիկացիներ չեն, ներգաղթյալների մեծամասնությունն Աֆրիկայից է», – պատասխանել է Սարկոզին:
Թեկնածուները չեն շրջանցել նաեւ միմյանց ցավոտ տեղերը: Օլանդը Սարկոզիին հիշեցրել է աղմկահարույց Բեռլուսկոնիի հետ ընկերությունը, նախագահն էլ հայտարարել է, որ մտադիր չէ բարոյախոսություն լսել մի կուսակցությունից, որը որպես առաջնորդ այնպիսի մարդու էր տեսնում, ինչպիսին Դոմինիկ Սթրոս Կանն է, հաղորդում է «vesti.ru»-ն:
Եզրափակիչ խոսքում Նիկոլա Սարկոզին բացահայտ օգնության է դիմել Մարի Լե Պենի ընտրողներին`անհրաժեշտ աջակցությունը ստանալու վերջին հնարավորություն: Օլանդն, ավարտելով իր ելույթը, հետեւյալ ձեւակերպումն է ընտրել. «Ես` Հանրապետության նախագահն եմ»: Եւ հնարավոր է, նա այնքան էլ չի շտապել: Առաջատար ֆրանսիական հրատարակչությունների կողմից կազմակերպված բլից-հարցումները բանավեճի արդյունքում վստահ հաղթանակը տվել են սոցիալիստ թեկնածուին:




























