Կույր իրավապաշտպան Չեն Գուանչենը խնդրել է ԱՄՆ իշխանություններին օգնել իրեն եւ իր ընտանիքին` Չինաստանը լքելու հարցում: Նա հայտարարել է, որ Չինաստանում իրենք չեն կարող իրենց անվտանգ զգալ: China Aid իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ԱՄՆ դեսպանատանը գտնվելու ժամանակ Գուանչենն իր հարազատների հասցեին սպառնալիքներ է ստացել Չինաստանի իշխանություններից:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Չեն Գուանչենը փախել է տնային կալանքից, որից հետո պարզ է դարձել, որ նա թաքնվում է Պեկինում ԱՄՆ դեսպանատանը: Մայիսի 2-ին Գուանչենը լքել է դեսպանատան տարածքը եւ գնացել Պեկինի հիվանդանոց, երբ երկրի իշխանությունները նրան անվտանգության երաշխիքներ են տվել եւ խոստացել նրան թույլ տալ շարունակել ուսումը համալսարանում:
Պեկինը ԱՄՆ-ից պահանջել է ներողություն խնդրել` Գուանչենին իրենց դեսպանատանը թաքցնելու համար:
Միաժամանակ, ԱՄՆ պաշտոնատար անձինք, մինչ օրս հրապարակայնորեն չեն մեկնաբանել իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով այցելությամբ գտնվում է Պեկինում, մայիսի 3-ին Չինաստանին կոչ է արել հարգել իր քաղաքացիների իրավունքները, չնշելով իրավապաշտպանի անունը, հաղորդում է Lenta.Ru-ն:
40-ամյա Չեն Գուանչենը Չինաստանում հայտնի է որպես «մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականության հակառակորդ:




























