Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրատապ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին։ Նամակում ուկրաինացի առաջնորդը նախազգուշացնում է հակաօդային պաշտպանության համակարգերի պաշարների կրիտիկական սպառման մասին՝ հատկապես ընդգծելով երկրի խոցելիությունը բալիստիկ հրթիռային հարվածների դեմ, հայտնում է Bloomberg-ը։

Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը՝ նշելով, որ փաստաթուղթն իսկապես երկու հասցեատեր ունի՝ Սպիտակ տունը և Կապիտոլիումը։

Նամակի տեքստում Զելենսկին ուղղակիորեն խոսում է ամերիկյան սպառազինությունից Ուկրաինայի աննախադեպ կախվածության մասին.

«Երբ խոսքը վերաբերում է հակահրթիռային պաշտպանությանը, մենք ապավինում ենք մեր բարեկամներին։ Մինչդեռ երբ հարցը հասնում է բալիստիկ հրթիռներից պաշտպանվելուն, մենք գործնականում ամբողջությամբ կախված ենք Միացյալ Նահանգներից»։

Ուկրաինացի պաշտոնյաները լրջորեն մտավախություն ունեն, որ Patriot համալիրների և այլ արևմտյան համակարգերի համար մնացած ինտերցեպտոր-հրթիռների պաշարները կարող են պարզապես չբավականացնել հաջորդ համակցված ռմբակոծությունները հետ մղելու համար։ Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի՝ «հակաբալիստիկ պաշտպանության ոլորտում գործերը հիմա իսկապես ծանր են»։

Կիևի հանձնարարությամբ՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան անձամբ տարածել է այս նամակը Վաշինգտոնի առանցքային գործիչների շրջանում, ներառյալ՝ Թրամփի վարչակազմը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

Ուղերձում Զելենսկին խոր մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ PURL (Prioritized Ukraine Requirements List — մեխանիզմ, որը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հնարվորություն է տալիս ֆինանսավորել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի ձեռքբերումը) ծրագրի միջոցով սպառազինության հատկացման տեմպերը կրիտիկականորեն դանդաղել են։

«PURL ծրագրով մատակարարումների ընթացիկ տեմպերն այլևս չեն համապատասխանում այն սպառնալիքի իրականությանը, որին մենք բախվել ենք։ Ես խնդրում եմ ձեր օգնությունը ռուսական հրթիռներից ուկրաինական երկինքը պաշտպանելու հարցում»,- ասվում է փաստաթղթում։

Եզրափակելով՝ Զելենսկին ուկրաինացի ժողովրդի անունից նախագահ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին հարգալից կոչ է արել «պահպանել ներգրավվածությունը» և Ուկրաինային տրամադրել կենսականորեն անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, ներառյալ՝ Patriot PAC-3 հրթիռներ։