Հայտնի ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոն շփումներ է ունեցել խորհրդային գաղտնի ծառայությունների հետ, իսկ ԿԳԲ-ի աշխատակիցներից մեկի հետ նա ջերմ հարաբերություններ է ունեցել: Այս մասին նշվում է ԿԳԲ-ի նախկին աշխատակցուհի Լյուդմիլա Տյոմնովայի «Մոնրոն Դոստոեւսկիի աշխարհում» վավերագրական ֆիլմում, որը Ռուսաստանում ցուցադրվել է նախորդ տարվա վերջին, իսկ Արեւմուտքում հիմա է ցուցադրվում:
«Նա նույնիսկ կոդային անվանում է ունեցել` «Մաշա»,- գրում է Panorama-ն:
«ՄԱԿ-ում ԽՍՀՄ ներկայացուցչությունում աշխատող ԿԳԲ-ի գործակալը պնդում է, որ պատահաբար դերասանուհուն հանդիպել է խորհրդային դեսպանատանը` Նիկիտա Խրուշչովի ԱՄՆ այցի հետ կապված ընդունելության ժամանակ: Շատ արագ նրանց բարեկամությունը վերաճել է «որոշակի զգացմունքի»: Տյոմնովան պնդում է, որ ԿԳԲ-ն մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Մերիլինի նկատմամբ»,-ասվում է հոդվածում:
«Ֆիլմում չկան կոնկրետ ապացույցներ, միայն պատմություններ են: Այսպես, տղամարդը, ով ցանկացել է անանուն մնալ, պնդել է, որ ինքը հատուկ հարաբերություններ է ունեցել դերասանուհու հետ: Նա, իբր, հրավիրել է Մոնրոյին իր մոտ` Մոսկվա, դիմավորել է նրան օդանավակայանում, ուղեկցել հյուրանոց, ապա նրանք միասին մեկնել են ամառանոց:
«Դրանք երկու անմոռանալի օրեր էին: Բայց մեր հարաբերություններում որոշակի լարվածություն էր զգացվում: Մենք հասկանում էինք, որ փաստը, որ մենք երկուսով ենք եղել, չի նշանակում, որ մեզ ոչ ոք չի տեսնում ու լսում»,-պատմում է նախկին գործակալը, ով այդ ժամանակ 27 տարեկան է եղել:
«Այդ հադիպումից հետո նրանք այլեւս չեն տեսնվել եւ հարաբերությունները խզվել են»,-գրել է հոդվածի հեղինակը:




























