Լիբիայի նախկին վարչապետ Բաշիր Էսիդը հայտարարել է, որ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին իրոք ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին 2007թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշել է, որ ֆինանսական օգնության ծավալը կազմել է շուրջ 50 մլն եվրո, հաղորդում  է  «Զավտրա»-ն` հղում անելով AFP-ին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Mediapart կայքը 2012թ. մարտին փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն լիբիական վարչակազմը 50 մլն եվրո էր տրամադրել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի կարիքները հոգալու համար: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում էր, որ  ֆինանսավորման մասին բանակցությունները վարել են Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը եւ ոմն ZT, որը, ըստ Mediapart-ի, լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիադ  Թաքիեդդինն է: Մեկ տարի առաջ  Սեյֆ ալ Իսլամն արդեն Ֆրանսիայի նախագահից պահանջել էր վերադարձնել Լիբիայի հատկացրած գումարները: Նրա խոսքով` լիբիական իշխանություններն ունեն անհրաժեշտ բոլոր ապացույցները, այդ թվում` բանկային հաշիվները եւ բանկային փոխանցումների փաստաթղթերը:

Քաղաքական սկանդալի նոր կծիկը քանդվում է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում  (մայիսի 6-ին): Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի շտաբը պահանջել է քրեական գործ հարուցել ստացված տեղեկությունների հետ կապված, իսկ Սարկոզին ինքը խոստացել է դատի տալ Mediapart-ին: