Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է.

«Մայիսի 6-ի երեկոյան ՀՀԿ-ն կասի, որ ընտրություններն անցել են աննախադեպ թափանցիկ եւ ժողովրդավար պայմաններում, իսկ ՀԱԿ-ը կասի, որ սրանք առավել խայտառակ ընտրություններն էին Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, եւ եթե ժողովուրդը չբռուցքվի եւ ոտքի չկանգնի, ապա Հայաստանը վերանալու է աշխարհի քարտեզից։ Այդ երկու ծայրահեղացված գնահատականները կապ չունեն իրականության հետ՝ մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան՝ աշխարհի քարտեզից ջնջվելուց։
Լավատեսական «ժողովրդավարական պատկերների» համար էլ որեւէ հիմք չկա. Ընտրակաշառքներն արդեն բաժանված են, վարչական բոլոր լծակները կիրառված են: Այդ պայմաններում դժվար է ակնկալել, որ որեւէ քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, կարող է ստանալ ավելի մեծ, քան 10-15 հոգանոց խմբակցություն։

Այսքանով հանդերձ այս շաբաթների ընթացքում ի հայտ  են եկել քաղաքական մշակույթի նոր տարրեր։ Ընդդիմությունը չէր բավարարվում կախաղանների եւ տրիբունալների հնամաշ սպառնալիքներով, հայհոյանքներով եւ վիրավորանքներով, այլ փորձում էր նաեւ քաղաքական եւ տնտեսական այլընտրանքներ առաջարկել։ Դա վերաբերվում է, բնականաբար, Դաշնակցությանն  ու «Ժառանգությանը»։ Իշխանությունը, որպես կանոն, չէր պատասխանում իր հասցեին հնչող վիրավորական որակումներին։ Հեռուստաեթերում ընդդիմության համար ստեղծվել էին ինքնարտահայտվելու նորմալ պայմաններ։ Երեք քաղաքական ուժեր, ունենալով տարբեր մոտեցումներ, պայմանավորվել են միասնաբար վերահսկել ընտրությունների օրինականությունը։

Այդ ամենը մի փոքր հույս է ներշնչում, որ մեր քաղաքական համակարգը, թեեւ շատ դանդաղորեն, բայց սկսել է շարժվել մեռյալ կետից։ Որ ընտրություններից հետո թեեւ կլինեն հանրահավաքներ, բողոքարկումներ եւ սպառնալիքներ, բայց չեն լինի բախումներ։ Որ խորհրդարանում հայտնված ուժերը, անկախ նրանից, թե ինչ կոալիցիաներ են կազմելու, կձեւավորեն այնպիսի կառավարություն, որն ունակ կլինի մեղմացնել ներկայիս սոցիալական լարվածությունը։ Բոլոր դեպքերում, լավատեսությունը մեր դեպքում պետք է չափազանց զգուշավոր լինի»,- գրում է  «Առավոտ» թերթը: