ԱՄՆ-ի Վեսթ Պոյնթ ռազմական ակադեմիան համացանցում տեղադրել է Բեն Լադենի նամակագրությունը, որն առգրավվել էր «համար մեկ ահաբեկչի» առանձնատան վրա հարձակման ժամանակ։ Բոլոր հրապարակված նամակները թվագրված են 2006 թվականի սեպտեմբերից մինչեւ 2011 թվականի ապրիլը։ Ահաբեկչի 6 հազար փաստաթղթից աշխարհը տեսել է միայն 17-ը։

Փաստաթղթերը վկայում են «Ալ Կաիդայի» առաջնորդի հիասթափության մասին, որը փորձում էր վերահսկել բարդ ահաբեկչական համակարգը։ Նա դժգոհ էր մահմեդականների վրա  «Ալ Կաիդայի» մասնաճյուղերի հարձակումներից՝ նրանց կոչ անելով առաջին հերթին պայքարել ԱՄՆ-ի դեմ։

Ամերիկյան զինվորականները մատնանշում են Բեն Լադենի հիասթափությունը փոխկապակցված կազմակերպություններից եւ նրանց գործողությունների վերահսկման իր անկարողությունը, գրում է «Իզվեստիան»։

Լրատվամիջոցների գծով ահաբեկչի խորհրդատու, Քալիֆորնիայից Ադամ Հադանը Բեն Լադենին առաջարկում է Իրաքում առանձնանալ   «Ալ Կաիդայի» ցանցից վերջին անհաջողությունների պատճառով։  Բեն Լադենը նաեւ կտրուկ նամակ է գրել Արաբական թերակղզու «Ալ Կաիդային», կոչ անելով նրան կենտրոնանալ ԱՄՆ-ի օբյեկտների հարձակումների վրա, այլ ոչ թե Եմենի կառավարության կամ տեղական ուժայինների վրա։

Նամակները ցույց են տալիս, որ Բեն Լադենը կասկածանքով է վերաբերվել այսպես կոչված «ջիհադի միայնակ գայլերի» առաքելությանը։ Նա իր գործընկերներին կոչ է արել «մի եղբորը չուղարկել ինքնասպան գործողության, այլ հանձնարարության ուղարկել առնվազն երկու մարդու»։

2011 թվականի ապրիլի նամակում «Ալ Կաիդան» արաբական գարունը դիտարկում է որպես «ահարկու իրադարձություն» մահմեդականների պատմության մեջ եւ հույս է հայտնում, որ ահաբեկիչներն այդ իրադարձությունների վրա կարող են ազդել լրատվամիջոցների եւ  «ղեկավարության» միջոցով։

Այս շաբաթ Բարաք Օբամայի՝ ահաբեկչության գծով գլխավոր խորհրդականը հայտարարել էր, որ Բեն Լադենի փաստաթղթերն աշխատակազմի այն կարծիքն են ամրապնդել, որ ԱՄՆ-ի համար աշխարհն ավելի անվտանգ է առանց այդ ահաբեկչի: