Հայաստանյան 21 առեւտրային բանկերից 14-ը 2012 թ. առաջին եռամսյակի արդյունքներով տեղ են զբաղեցրել խոշոր հարկատուների առաջին հարյուրակում: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակումից: Նախորդ տարվա առաջին եռամսյակում դրանց թիվը 12-ն էր:

Աճել է նաեւ բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները: Ամենախոշոր հարկատու բանկը 2012 թ. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն է` 780 մլն դրամ եւ հարկատուների ընդհանուր ցանկում 18-րդ տեղ: Նախորդ տարի առաջին տեղը զբաղեցնող «ՎՏԲ-Հայաստան բանկը» վճարել էր 577 մլն դրամ եւ 24-րդ տեղում էր: Ու թեեւ «ՎՏԲ-Հայաստան բանկը» այս տարի եւս ավելացրել է վճարած հարկերի ծավալը մինչեւ 605 մլն դրամ, սակայն այդ ցուցանիշը նրան ապահովել է ընդամենը 32-րդ տեղ հարկատուների ընդհանուր ցանկում եւ 5-րդ տեղ` խոշոր հարկատու բանկերի ցանկում` առաջ թողնելով նաեւ «Էյչ-Էս-բի-Սի Բանկ Հայաստանին», «Ամերիաբանկին», «Մելլաթբանկին»:

Շարունակում է լուրջ առաջընթաց արձանագրել իրանական կապիտալով աշխատող «Մելլաթբանկը»: Այն խոշոր հարկատուների ցանկում հայտնվեց անցյալ տարի, իսկ այս տարի արդեն 27-րդ տեղում է` վճարելով 667 մլն դրամ: Բանկը 2011 թ. առաջին եռամսյակի համեմատ 3.4 անգամ ավելացրել է հարկերի վճարումը: