97-ամյա ավստրալացին դարձել է բուհի ամենատարեց շրջանավարտը. այսօր` մայիսի 4-ին նա բժշկության մագիստրոսի աստիճան է ստացել Նոր Հարավային Ուելս SCU համալսարանում: Ճիշտ է, ստացած վկայականը թվով երրորդն է:
Լիսմոր քաղաքի բնակիչ Ալան Սթյուարթը 2006 թվականին իրավաբանական կրթության վկայական ստանալուց հետո ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում:
Իր առաջին վկայականն ավստրալացին ստացել է 1936 թվականին. այն ժամանակ նա դարձել էր Սիդնեյի Ատամնաբուժական համալսարանի շրջանավարտ: Դրանով Սթյուարթի գիտական կարիերան չէր ավարտվել, եւ նա Չիկագոյում ատամնաբուժական վիրահատության ոլորտում դոկտորական աստիճան էր ստացել: Հետագայում ավստրալացին աշխատել է մասնագիտությամբ, մինչեւ թոշակի գնալը: Իսկ 90 տարեկանում որոշել էր նորից սովորել, հայտնում է Federal Press-ը` հղում անելով ավստրալական լրատվամիջոցներին:
Ըստ Սթյուարթի` նա ընդունվել էր համալսարան, որպեսզի «ուղեղը լավ վիճակում պահի»: «Երբեք չի կարելի արդարանալ, ասելով, որ շատ ծեր եմ սովորելու համար»,- ասել է տարեց ուսանողն ու հավելել. «Երբեք ուշ չէ նոր ընկերներ ձեռք բերելու եւ նոր բացահայտումներ անելու համար»:
Սթյուարթն ասում է, որ իր համար ամենից դժվարը եղել էր համակարգչին տիրապետելը: Ընդ որում, 97-ամյա ուսանողին դասավանդող դասախոսները նշում են, որ հիմնականում նա հեռակա է սովորել` համացանցի միջոցով:




























