Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հանդիպման ժամանակ հստակորեն հասկացրեց, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մնացել է անփոփոխ, այն անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այս մասին գրում է արգենտինահայ համայնքի Diario Armenia պարբերականը:

Թերթը նաեւ գրում է, որ Էրդողանը հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո:

«Կուզենայինք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան ամեն անգամ բաց չի թողնում հնարավորությունը հայտարարելու իր նկրտումների մասին, այն ժամանակ, երբ հայկական դիվանագիտությունը անգործության մեջ է եւ հանգստորեն հետեւում է իրադարձությունների զարգացմանը: Մի քանի օր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացրեց, որ եթե Թուրքիան հարաբերությունների կարգավորումը կապի ղարբաղյան հակամարտության հետ, ապա հայ –թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի քաղաքական կուրությունը եւ անտարբերությունը արդեն վրդովվեցնում են: Էրդողանը հերթական անգամ հաղթանակ տարավ, այս անգամ Կապիտոլիումի դռների մոտ` այդպիսով հաստատելով, որ Սփյուռքի կոչերը եւ նախազգուշացումները անհիմն չեն: Հայկական կողմը պետք է անմիջապես արձագանքեր դրան, ինչը, սակայն չեղավ: Ինչպես Դավութօղլին, այնպես էլ Էրդողանը ոչ միայն ներկայացնում են հայ-թուրքական հարաբերություններն իրենց տեսանկյունից, այլեւ փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ՝ հաստատելով, որ վերջինս չպետք է խառնվի այս գործընթացին: Սակայն հայկական կողմը նույնիսկ այս անտակտությանը համապատասխան պատասխան չտվեց: Նալբանդյանը, ինչպես իր թշնամիները, պետք է օգտագործի իր բոլոր դիվանագիտան հնարքները, ինչպես նաեւ Սփյուռքի ինստիտուտները»,-գրում է պարբերականը։