Պահպանողական Բորիս Ջոնսոնը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում:

14 ընտրատեղամասերի 100% քվեաթերթիկների հաշվման արդյունքում Ջոնսոնը հավաքել է ձայների 51,53%-ը: Լոնդոնի քաղաքապետն ընտրվում է 4 տարով` առանց ժամկետների սահմանափակման:

Ալեքսանդր Բորիս դե Փֆեֆել Ջոնսոնը (Բորիս Ջոնսոն) բրիտանացի քաղաքական գործիչ եւ լրագրող է, Պահպանողական կուսակցության անդամ, Լոնդոնի քաղաքապետ: Նախորդ անգամ Ջոնսոնը Լոնդոնի քաղաքապետ ընտրվել էր 2008 թվականին:  Այն ժամանակ նա առաջին փուլում ստացել էր ձայների 42,48 % -ը եւ երկրորդ փուլում` 53,2%-ը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախկին լրագրող Ջոնսոնը հայտնի է իր հումորի զգացումով եւ լայն հանրությանն իր ձեռքբերումները շահավետ ներկայացնելու իր ունակությամբ: Նրա նախաձեռնություններից  էր փողոցներում  «Ռութմասթեր» մակնիշի երկհարկանի հայտնի ավտոբուսների ժամանակակից տարբերակները վերադարձնելը,  որը նրա նախորդ Լիվինգսթոնը ցանկանում էր փոխարինել երկար միհարկանի ավտոբուսներով, որոնք շատ դժվարությամբ էին տեղաշարժվում Լոնդոնի նեղ փողոցներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: