Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն ընտրել է Դմիտրի Մեդվեդեւի առավել նշանավոր ասույթները, որոնք հիշվել են ռուսաստանցիների կողմից եւ դարձել նրա նախագահության խորհրդանիշները:

1. «Ազատությունն անազատությունից լավ է», - ասվել է 2008թ. փետրվարին Կրասնոյարսկի տնտեսական համաժողովում:

2. «Բավական է մղձավանջի վերածել բիզնեսը», - ասվել է 2008թ. օգոստոսին Գագարին քաղաքում մանր եւ միջին բիզնեսի զարգացման խորհրդակցության ընթացքում:

3. «Պետք չէ նվնվալ», - Մեդվեդեւը սա ասել է 2008թ. սեպտեմբերին` դիմելով  «Պոլյուս զոլոտո» ընկերության ղեկավար Եվգենի Իվանովին: «Դուք գիտեք, թե ինչ է կատարվում ոսկու համաշխարհային շուկայում: Եթե Ձեզ համար ոսկու արդյունահանումը  մարգինալ տնտեսություն է, հրաժարվեք դրանից: Մենք ուրիշների կգտնենք: Եթե ցանկանում եք, հետ կվերցնենք լիցենզիան», - հայտարարել էր պետության ղեկավարը:

4. «Անխելք եւ անխիղճ սրիկաներ», պատժել «ամենախիստ ձեւով» - ասվել է «Կաղ ձիու» հրդեհից հետո:  «Մեզ մոտ անկարգություն է տիրում, որն արդեն ազգային սպառնալիքի է վերածվում, մեծ քանակությամբ արտակարգ իրավիճակներ են տեղի ունենում` եւ ճանապարհներին, եւ հրդեհներում մարդիկ են մեռնում… Պերմում տեղի ունեցած վերջին դեպքը չարի եւ բարու սահմանագիծն էր», - Մեդվեդեւի եւս մեկ ասույթ այդ ողբերգության կապակցությամբ:

5. «Կառավարությունը չի կարելի տանձի պես թափահարել», - 2011թ. սեպտեմբերին երեք դաշնային հեռուստաալիքներին տված հարցազրույցում Մեդվեդեւը հստակեցրել է, թե ինչու իր նախագահության ընթացքում ոչ մի նախարար չի լքել պաշտոնը մասնագիտական անպետքության համար:

6. «iPad-ով նախագահ»: Ամբողջական ասույթը`«Ես կցանկանայի, որպեսզի մոդեռնիզացնողը ժողովուրդը լիներ, այլ ոչ միայն քաղաքական կուսակցությունները, ոչ միայն նախագահը, որը iPad-ով է շրջում, կամ որեւէ վերնախավ»:

7. «ԱՀԿ-ն գազար չէ»: 2008թ. սեպտեմբերին ռուս գործարարների հետ հանդիպմանը նախագահը այդ կազմակերպությանն անդամակցելը համեմատել է գազարի հետ` թակարդի, որով գյուղատնտեսության մեջ խթանում են ընտանի կենդանիների աշխատանքը:

8. «Ճարպակալած կատուներ...», - սա արդեն սպորտի բնագավառի պաշտոնյաների մասին է, իսկ ամբողջական տեսքը հետեւյալն է. «Կենտրոնում պետք է լինի հենց մարզիկը, այլ ոչ թե ֆեդերացիաները, որոնք մեզանում հաճախ մեծ ու ճարպոտ են  կատուների նման, ոչ էլ առավել եւս ֆեդերացիաների ղեկավարները, անգամ` մարզիչները` նրանց հանդեպ ունեցած ամենայն հարգանքով հանդերձ. մարզիկներն են հաջողության հասնում, նրանք պետք է ուշադրության էպիկենտրոնում լինեն»:

9. ...Նաեւ կատվի մասին Թվիթերում նրա գրածը, երբ լուր էր տարածվել, որ Մեդվեդեւի կատուն կորել է. «Կատվի առիթով:

Դորոֆեյին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ նա չի կորել: Բոլորին շնորհակալություն անհանգստանալու համար»:

10. «Փորագրվում է գրանիտին», - սա Մեդվեդեւն ասել է ինքն իր խոսքերի վերաբերյալ. «Իմ խոսքերն արդեն ռեպլիկներ չեն, այլ դատավճիռ: Ռեպլիկները ձերն են: Իսկ այն, ինչ որ ես եմ ասում, փորագրվում է գրանիտին»: