Դեկտեմբերի 12-ին Աբխազիայում կայանալու են նախագահական ընտրություններ:
Առաջադրվել են հինգ թեկնածուներ՝ գործող նախագահ Սերգեյ Բաղապշը, նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, «Աբխազական ծովային ջերմանավային» պետական ընկերության ղեկավար Զաուր Արձինբան, Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության նախագահ Բեսլան Բուտբան եւ փիլիսոփայության եւ տնտեսագիտության դոկտոր Վիտալի Բգանբան: Պայքարը ընթանալու է հիմնականում հին մրցակիցներ Սերգեյ Բաղապշի եւ Ռաուլ Խաջիմբայի միջեւ, սակայն վերուծաբանները բարձր են գնահատում մեծահարուստ Բեսլան Բուտբայի շանսերը: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում ԿԸՀ-ն մեկ Սերգեյ Բաղապշին էր հայտարարում հաղթող, մեկ Խաջիմբային։ Հանրապետությունում բողոքի ալիքներ բարձրացան: Ի վերջո, ժողովրդական հավաքի արդյունքում նախագահ էր հռչակվել Բաղապշը:
Նշենք, որ Աբխազիայում բավական մեծ հայկական համայնք կա, որոշ տեղեկություններով՝ ընտրողների մոտ 20 տոկոսը: Աբխազիայի հայերը, սակայն, հակված չեն հայտնել իրենց նախասիրությունների մասին, բայց ամենայն հավանականությամբ, հայ ընտրողների զգալի մասն իր ձայնը կտա գործող նախագահ Բաղապշին:




























