Լրագրողների դիտարկմանը, թե ահազանգեր կան այն մասին, որ ընտրության մասնակցած անձանց անձնագրերում կնիքը չի երեւում, Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հավաստիացրել է, որ խնդիրը տեխնիկական է եղել եւ արդեն կարգավորվել է:

«Դա ընդամենը եղել է թանաքանյութը առանց թափահարելու օգտագործելու հետեւանքով: Խնդիրն արդեն կարգավորված է»,-ասել է Տիգրան Մուկուչյանը:

Ավելի վաղ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողներին ահազանգել էր, որ անձնագրերում քվեարկությունից հետո ընտրական հանձնաժողովների կողմից դրված դրոշմակնիքներն անհետանում են նախատեսված ժամանակից շուտ:

«Այդ կնիքները մասսայականորեն անհետանում են: Ես էլ առավոտյան քվեարկել եմ, արագ անհետացել է, մինչդեռ պետք է մնա 12 ժամ»,- ասաց Մուսինյանը:

Հայ ազգային կոնգրեսից հայտնեցին, որ քաղաքացիներն ահազանգում են, թե որոշ տեղամասերում քվեարկությունից հետո անձնագրում դրված կնիքի դրոշմը մաքրվել է 15 րոպե անց արդեն: Մինչդեռ թանաքը  պետք է օքսիդանար 12 ժամից:

Ահազանգեր են եղել Գյումրիից, Վանաձորից, Երեւանից, Մեղրիից, Հրազդանից:

Խնդրի մասին ահազանգում են նաեւ որոշ դիտորդներ:

Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: