Ոստիկանության Էրեբունու բաժնում ընդունվել եւ գրանցվել է Գոհար Վեզիրյանի կողմից արված հայտարարությունը` կապված թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի Ոստիկանությունը:
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` պարզելու տեղեկության հավաստիությունը:
Հիշեցենենք, որ Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայքէջը ահազանգել էր, թե ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարեւանությամբ գտնվող բիլիարդանոցում 10 հազարական դրամ են բաժանում:
Հայտարարությունում նշվել էր.
«Գոհար Վեզիրյանը ահազանգել է դատախազության թեժ գիծ եւ Կորյուն Փիլոյանին հայտնել է, որ Էրեբունի փողոցի վրա գտնվող Կադաստրի շենքի հարեւանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին 10 հազարական դրամ են բաժանում ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար»:
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրվել են` «Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, անկուսակցական Ռոբերտ Մասումյանը, ում աջակցում է ՕԵԿ-ը, նաեւ` ինքնառաջադրված անկուսակցական Գոհար Վեզիրյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը:




























