Հայաստանի ԱԳ նախկին նախարար, վերջերս ԲՀԿ-ական դարձած Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է Գրողների միությունում գտնվող ընտրատեղամասում եւ իր անձնագրում կնիքն արդեն ցնդել է: Այս մասին նա ասաց, այսօր` մայիսի 6-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբում` լրագրողներին ցույց տալով իր անձնագրի այդ էջը:
Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որ ահազանգեց քվեարկած անձանց անձնագրերից կնիքների օքսիդացման մասին: «Շատ արագ պատասխան եղավ իշխող կուսակցության կողմից, շատ արհամարհական, վիրավորական արագ պատասխան եղավ։ Ես քվեարկել եմ ժամը 12-ին, ոչ թե ժամը 9-ին, այս անձնագրով, կարող եք բացել նայել»,-ասաց Օսկանյանը:
«Կարող է չեք մասնակցել»,- կատակով Օսկանյանի խոսքն ընդհատեց առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը։
«Քվեարկել եմ, պարոն նախագահ, այնտեղ մամուլ կար, ստորագրել եմ։ Այնպես որ, թերեւս այս կեղծարարությունը չի վերացել եւ շարունակվում է ողջ օրվա ընթացքում»,- ասաց Օսկանյանը, նշելով, որ այդ հարցի կապակցությամբ բազմաթիվ այլ ահազանգեր են եղել։




























