Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Երեւանը հավատարիմ է իր տված խոստումներին եւ միջազգային պարտավորություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, տարակուսանք է հարուցում: Ինչ միջազգային պարտավորությունների մասին է խոսքը, երբ հանրապետության իշխանությունները մշտապես պնդում են, որ Հայաստանը հայ-թուրքական երկխոսության նախաձեռնողն է, Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հարց է տվել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Եթե հայ-թուրքական երկխոսությունը միջազգային պարտավորությունների մաս է, լավ կլիներ իմանալ, թե էլ ի՞նչ պարտավորություններ է ստանձնել հանրապետությունը միջազգային հանրության առջեւ»,- վրդովվել է Սաֆարյանը: խոսելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման մասին, նա նշեց, թե Վաշինգտոնը «կանաչ լույս է վառել» Անկարայի առջեւ՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու եւ ղարաբաղյան կարգավորումը լուծելու հարցում: «Վատ է, որ Վաշինգտոնն ընդունել է Անկարայի պայմանները»,- ամփոփեց Սաֆարյանը:

Իր հերթին խոսելով Օբամա-Էրդողան հանդիպման եւ թուրք վարչապետի հայտարարության մասին, թե անհրաժեշտ է առաջընթաց ղարաբաղյան հարցում՝ թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Հարությունյանը կոչ արեց Հայաստանի հանրությանը՝ լուրջ չվերաբերվել Էրդողանի հայտարարություններին: «Վերջիվերջո, Հայաստանի նախագահը համարժեք պատասխան է տվել բոլոր այդ հայտարարություններին՝ ընդգծելով, որ հրահանգ է տվել բոլոր լիազորված մարմիններին՝ փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ՝ միջազգային համաձայնագրերի ստորագրման, վավերացման եւ չեղյալ հայտարարելու մասով»,- ասաց պատգամավորը:

Նույնաբովանդակ կարծիք հայտնեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ նրանք մտադիր են առավել ձգձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց, թե չի կորցնում հույսը, որ Թուրքիան առանց նախապայմանների կվավերացնի արձանագրությունները: