«Տիտանիկի» բեկորներից դուրս բերված ավելի քան 100 արտեֆակտների, այդ թվում՝ անձնական իրերի, թղթադրամների ու մետաղադրամների, խոհանոցային պարագաների և կահույքի տարրերի աճուրդով վաճառքի ծրագիրը բախվել է ԱՄՆ իշխանությունների դիմադրությանը։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը՝ հղում անելով հրապարակված դատական փաստաթղթերին։
Գործակալության տվյալներով՝ «RMS Titanic Inc.» ընկերությունը, որն ունի 1912 թվականի ապրիլին Ատլանտյան օվկիանոսում խորտակված լեգենդար նավից արտեֆակտներ դուրս բերելու բացառիկ իրավունք, մտադիր է այդ իրերը վաճառել աճուրդում։ Սա արվում է՝ չնայած նախկինում կնքված համաձայնագրերին, որոնց համաձայն ընկերությունը կարող էր դրանք միայն ցուցադրել թանգարաններում և շրջիկ ցուցահանդեսներում։
«Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) ներկայացնում է ԱՄՆ շահերը և վերահսկում խորտակման վայրը։ Գերատեսչությունը պնդում է, որ նման վաճառքը կխախտի այս վայրի նկատմամբ «RMS Titanic» ընկերության իրավական պարտավորությունները»,- նշված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ընկերությունը փորձել է կազմակերպել արտեֆակտների վաճառքը՝ ապագա հետազոտությունները ֆինանսավորելու և ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար։ Սակայն այդ փորձերը միշտ արժանացել են ամերիկյան դատարանների, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության կազմակերպությունների և զոհերի հարազատների վճռական դիմադրությանը։




























