Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնային տնտեսությունների 80 տոկոսն օգտվում է բավարար հիգիենիկ սանիտարական պայմաններով հագեցած զուգարանից, սակայն այս ցուցանիշը խիստ տարբերվում է ըստ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի հետազոտությունում: Գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների միայն 48 տոկոսն է օգտվում բավարար հիգիենիկ սանիտարական պայմաններով հագեցած զուգարանից, քանի որ կեսը օգտվում է փոսի ձեւով զուգարանից: Քաղաքային բնակավայրերի տնային տնտեսությունների մեծամասնությունն ունեն բավարար հիգիենիկ սանիտարական պայմաններ (97 տոկոս), ինչպիսին է դեպի կոյուղի ողողվող զուգարանը:
Բացի այդ` գյուղական բնակավայրերում առավել քիչ է առկա խմելու ջրի ապահով աղբյուր (88 տոկոս): Գյուղական տնային տնտեսությւոնների 10 տոկոսի համար խմելու ջրի աղբյուր է հանդիսանում ջրատար մեքենան, բաքը:




























