ՀՀԿ թեկնածուին հաղթած նորընտիր անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ իր թիմով կարողացել է կոտրել այն կարծրատիպը, որ բոլոր ընտրատարածքներում պարտադիր հաղթում է իշխանության թեկնածուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց հենց Մարուքյանը՝ նշելով, որ մինչեւ ընտրություններ իր առաջադրված՝թիվ 30 ընտրատարածքում հետազոտել է ընտրողների տրամադրությունները։ «Իմ թիմով կոտրեցինք կարծրատիպը, որ միշտ իշխանության թեկնածուն պետք է հաղթի: Ավելին, եթե այդպես լիներ, ես չէի էլ առաջադրվի, որովհետեւ ես չէի մասնակցում օլիմպիական սկզբունքով` ուղղակի մասնակցելու համար: Կոնկրետ հաշվարկներ կային եւ մենք գիտեինք, որ մեր քարոզարշավը մեզ տանելու է դեպի հաղթանակ: Դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ իմ մրցակից թեկնածուն (Վիկտոր Դալլաքյան խմբ.) ընդդիմադիր պատգամավորի կեցվածքից անցում կատարեց դեպի Հանրապետական կուսակցություն: Այսինքն`մարդկանց մոտ առաջացավ հիասթափություն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թիվ 30 ընտրատարածքի ընտրողները շատ սկզբունքային են։
Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ից` Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ-ից` Զոհրաբ Թորոսյանը, ՀՀՇ-ից` Աշոտ Մանուկյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը եւ Ժառանգությունից` Գառնիկ Սահակյանը:




























