Թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»), ով պաշտոնական տվյալներով պարտվել է ՀՀԿ-ական մյուս թեկնածու ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանին («գեներալ Սեյրան»), առավոտյան այցելել է եկեղեցի, մոմ վառել եւ Աստծուց խնդրել, որ ների այն մարդկանց, ովքեր ընտրությունների ժամանակ ծախել են իրենց հոգին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: Ավելին` նրա խոսքով, ինքը նույնպես ներել է այդ մարդկանց, քանի որ տեսնում է նրանց սոցիալական վիճակն ինչպիսին է: Հ. Հակոբյանը նաեւ հիշեցրեց, որ դեռ ընտրություններից 1 օր առաջ էր հայտարարություն արել եւ ասել անուն ազգանուններով, թե ովքեր են ընտրակաշառքներ բաժանում, տեղերը ցույց տվել եւ ծանոթացրել ընտրակաշառքը բաժանելու եղանակներին: «Եվ ոչինչ չարվեց կարծես: Այս ընտրություններում հաղթեց ընտրակաշառքը», - նկատեց Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե նա շնորհավորելո՞ւ է Սեդրակ Սարոյանին, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ: Եթե հակառակորդ թեկնածուն արդար պայմաններում հաղթեր, իհարկե կշնորհավորեի: Իսկ, եթե նա անցնում է համատարած կեղծիքներով, ընտրակաշառքի միջոցով, ինչպես կարելի է նրան շնորհավորել»:
Հակոբ Հակոբյանը պատրաստ է հաջորդ ընտրություններում եւս դուրս գալ ընտրապայքարի: «Այո, ես այսօրվանից սկսել եմ իմ ընտրապայքարը: Խոսքը ոչ միայն խորհրդարանական ընտրությունների մասին է. եթե իմ ընտրատարածքում որեւէ խախտում, անօրինականություն, ոտնձգություն տեսնեմ իմ ժողովրդի նկատմամբ, ես պայքարելու եմ այդ գործողությունների դեմ: Մոտ 10 հազար մարդ, առանց քարոզելու, առանց վախենալու գնացել եւ ձայնը տվել է ինձ: Ինչպես կարելի է այդ 10 հազար մարդուն մոռանալ»,-ընդգծեց նա:




























