Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով տուժած 75 քաղաքացիներ մայիսի 8-ի դրությամբ  դեռեւս շարունակում են գտնվել հիվանդանոցներում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը` հավելելով, որ նրանք հիմնականում «Արմենիա», «Նաիրի», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցներում են, ինչպես նաեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում:

Նրա փոխանցմամբ` վերակենդանացման բաժանմունքներով  գտնվող 15 անձանցից այժմ այնտեղ է 10 հոգի, մնացածները տեղափոխվել են հիվանդասենյակներ:

Մամուլի քարտուղարը հավելեց, որ բոլորի վիճակը կայուն է, կյանքին վտանգ սպառնացող որեւէ հիվանդ չկա, հոգեբանական օգնությունը նրանց շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:

Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ: