Լոռիի մարզի համար 2011թ-ը գյուղատնտեսության առումով բարեհաջող էր, վստահեցնում են մասնագետները: Ստացվել է նորմալ բերք, կարկտահարություններ քիչ են եղել, կառավարությունն էլ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնք օգնել են գյուղացուն կրկին հողագործությամբ զբաղվել: Այդուհանդերձ, մինչ օրս կան խնդիրներ, որոնք շարունակում են չլուծված մնալ:

Լոռիի մարզում մինչ այս պահը ցանվել է 4000 հա կարտոֆիլ, 1600 հա գարի, 300 հա արեւածաղիկ, 500 հա եգիպտացորեն, 50 հա բաջարեղեն եւ նույնքան խոտ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն ասաց, որ այս թվերը դեռ ավելանալու են, քանի որ շատ գյուղերում հողագործական աշխատանքները շարունակվում են:

Նրա վստահեցմամբ, նախորդ տարվա համեմատ մարզում ավելացել է ցանքատարածությունների թիվը` հատկապես Տաշիրի եւ Սպիտակի տարածաշրջաններում: Կապված կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքի հետ, Գրիգոր Հակոբյանն ասաց, որ պահանջվող ցուցակով դիզվառելիքն արդեն տրամադրվել է համայնքներին: «Մարզի կողմից պահանջագիր է ներկայացվել 550 տոննայի համար: Կառավարության մեկ այլ ծրագրով մարզին հատկացվել է նաեւ 2000 տոն պարարտանյութ»,-ասաց նա:

Գ. Հակոբյանի խոսքով, կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ամբողջովին ծառայել են իրենց նպատակին:

Ըստ Լոռիի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողների համար թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ տեխնիկայի բացակայությունը, իսկ եղածներն էլ արդեն բարոյական ու ֆիզիկական մաշվածություն ունեն:

Անդրադառնալով մարզում տեղադրվելիք հակակարկտային կայաններին, նա նշեց, որ այս տարի տեղադրվելու է 5 համայնքում` Վարդաբլուր, Կուռթան, Գարգառ եւ եւս երկու համայնքներում: Տեղանքներն ընտրված են, մնում է տեղադրել:

Նշենք, որ Լոռիի մարզի ողջ տարածքում մինչ այս պահը տեղադրված է միայն երկու հակակարկտային կայան, որոնց քիչ քանակը լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսության ոլորտին:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի