Հայաստանում անպտղության տարածման առաջին պատճառը սեռավարակներն են՝ ժամանակին չհայտնաբերված, չբուժված, ինչը տղաների «ձախ գնալու» հետեւանքով է: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ- սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով, մեր երկրի դեպքում անպտղության պատճառներից է նաեւ արտագնա աշխատանքը: «Ուսումնասիրությունները պարզել են, որ մարզերում վիճակն ավելի անմխիթար է, քանի որ այնտեղ ավելի տարածված է արտագնա աշխատանքի մեկնելը, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան ՁԻԱՀ-ի առումով անմխիթար վիճակում են գտնվում եւ հայ խոպանչիները դառնում են սեռավարկ ներկրողներ: Սեռավարակների տարածման աղբյուր են նաեւ լողավազանները, սաունաները եւ այլ հանրային վայրերը»,-ասաց նա:
Հայաստանում անպտղության տարածվածության մյուս առանձնահատուկ պատճառներից են 90-ականների պատերազմը, երկրաշարժը, մութ ու ցուրտ տարիները, որոնք իրենց ազդեցությունն են թողել երիտասարդների վերաարտադրողական առողջության վրա:
Սեքսոպաթոլոգը նշեց, որ օպտիմալ վերարտադրողական տարիքը համարվում է 25-35-ը, որից դրանից հետո հղիանալու հավանականությունը նվազում է:
Անպտղության տարածման պատճառներից է նաեւ սնունդը, էկոլոգիական աղտոտվածությունը, որը կործանարար ազդեցություն է ունենում տղամարդու վերարտադրողական առողջության վրա: «Մեզանում միտում կա՝ ոչ ճիշտ հագուստ, չափից դուրս ընդգծող կիպ անդրավարտիքներ կրել, որը եւս վատ է ազդում դրա վրա, ըստ որում՝ սա վերաբերում է ոչ միայն աղջիկներին, այլեւ տղամարդկանց»,- նշեց նա:
Անպտղության պատճառներից է նաեւ ընդհատված հղիությունը, վիժումները, աբորտները, ըստ որում՝ յուրաքանչյուր աբորտ նվազեցնում է կնոջ հղիանալու հավանականությունը:
Շահրամանյանն առանձնացրեց նաեւ կանանց դիետաները, երբ դեռահաս աղջիկները թերսնման արդյունքում կարող են անպտղություն ունենալ: «Այդ կենսակերպը բերում է նրան, որ կնոջ հորմոնալ բալանսը, որը պետք է հղիանալու համար, խախտվում է: Կնոջ յուրաքանչյուր ակնհայտ երեւացող ոսկոր հակադարձ համեմատական է երեխա ունենալու հավանականությանը, դրա ծայրահեղությունն էլ ճարպակալումն է, հատկապես ՝տղաների մոտ»,- ասաց նա՝ կարեւորելով ընտրել ոսկե մինջինը՝ «լինել ոչ քամուց քշված, ոչ էլ փուչիկի խմորանման պատկեր»:
Վրեժ Շահրամանյանը նշեց նաեւ, որ ուսումնասիրելով անպտղության պատճառները, եզրակացրել են, որ ամուսնական զույգերը հիմնականում կամ դիմում են շատ ավելի ուշ, քան պետք էր, կամ էլ դիմում են ոչ ճիշտ մասնագետների, հաճախ՝ ոչ բժիշկների, օրինակ՝ հեքիմների, գուշակների, ինչն ավելի է բարդացնում վիճակը:
«Անպտղությունը դատավճիռ չի լինի այն դեպքում, երբ զույգը ժամանակին դիմի բժշկի: Ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է բուժում, ինչքան ուշացնում են բժշկին դիմելը, այնքան դժվար է բուժումը եւ որքան շուտ դիմեն, այնքան ավելի հեշտ է բուժելը»,- նշեց նա
Սեքսոպաթոլոգի խոսքով՝ անպտղության բուժումը ժամանակատար է եւ ծախսատար:



























