Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում շարունակվում են 2010թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: Համաձայն նախագծի՝ 2010թ. 1 մլրդ 95 մլն դրամ նախատեսված է ամբուլատոր սպասարկման, 1 մլրդ 400 մլն դրամ՝ ստացիոնար սպասարկման համար: Նախատեսված է գնել 130 մլն դրամի չափով բժշկական ապրանքներ եւ սարքավորումներ:
ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի խոսքով, բժշկական հաստատությունների համալրումը նոր սարքավորումներով եւ մասնագետների վերապատրաստման կուրսերն ուղղված են բուժծառայությունների մակարդակի բարձրացմանը: 2009թ. մոտ 100 ղարաբաղցի մասնագետներ վերապատրաստում են անցել Մոսկվայում եւ Երեւանում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ 2010թ. պետբյուջեն նախատեսում է եկամուտների մասով 55 մլրդ 205 մլն 842 հազար դրամ, ծախսերի մասով՝ 58 մլրդ 846 մլն 207 հազար դրամ, իսկ դեֆիցիտը կազմում է 3 մլրդ 640 մլն 365 հազար դրամ:




























