Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն, այսօր` մայիսի 11-ին, ընդունել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներին` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն անդրադարձել է պատմության ուսուցիչների կարեւոր առաքելությանը` մատաղ սերնդին ազգային ոգով եւ գիտակցությամբ կրթելու գործում: Նա ընդգծել է, որ պատմության իմացությամբ է, որ նոր սերունդը կարող է դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացին, նոր ուղիներ բանալ Հայրենիքի առաջընթացի համար, նոր հույսեր գծագրել հայ ժողովրդի համար:
Խոսելով այսօր հանրությանը մատուցվող մեր անցյալի պատմությունը խեղաթյուրող մտացածին տեսությունների մասին` Կաթողիկոսը հորդորել է երիտասարդ մանկավարժներին մարտիկները լինել մեր ազգային, հարազատ արժեքների, որոնց դարերով կերտած ոգու շնորհիվ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել:




























