Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի ցանկանում գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կողմից` մանդատը չվերցնելու որոշմանը, ինչպես նաեւ նրա` ՀԱԿ-ից դուրս գալու հավանականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Պետրոս Մակեյանը:
«Ուրիշ քաղաքական ուժի, քաղաքական գործչի վարքը գնահատելը արդարացված չէ, տեղին չէ, դրա համար կարծում եմ` Արամ Սարգսյանը հաշվարկել է քայլերի հետեւանքը, այդ առումով չեմ էլ ուզում որեւէ գնահատական տալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրա` ՀԱԿ-ից դուրս գալու հավանականությանը, Մակեյանը նշեց, որ չի կարող գնահատել նաեւ այդ քաղաքական ուժի ՀԱԿ-ից դուրս գալու հավանականությունը` շեշտելով, որ այդ մասին, ինչպես եւ հայտարարվեց, առաջիկայում որոշում կկայացվի եւ հայտարարություն կարվի:
Բայց մեկ բան հստակ է Պետրոս Մակեյանի համար` «Հանրապետության»` ՀԱԿ-ից դուրս գալով Կոնգրեսն, իհարկե, կթուլանա: «Հայ ազգային կոնգրեսը քաղաքական ուժերի միություն է, եւ «Հանրապետությունը» հիմնական ուժերի մեկն է, որի դուրս գալով` իհարկե կթուլանա, եւ արդյունքում կորցնելու, չկորցնելու խնդիրը հասկանալի է»,- նշեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վայր է դնում իր մանդատը եւ ՀԱԿ-ին հաջողություն ցանկանում` չբացառելով ՀԱԿ-ից դուրս գալը: Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում պատգամավորի մանդատ կստանա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:


























