Կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգեւատրվել է ԿԳՆ բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով». այն հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը:

Նշելով, որ ավարտվում է Լը Մորզելեկի աշխատանքային գործունեության ժամկետը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար եւ ընդգծել ռեկտորի անձնական նվիրումը:

«Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին` Հայաստանի կրթական համակարգին օգնելով եւ կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, եւ շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները` բուհը թեւակոխել է զարգացման նոր փուլ»-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ տիկին Լը Մորզելեկը Հայաստանից հեռանում է լավագույն հիշողություններով եւ վերադառնալու ակնկալիքով:

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել հուշամեդալի համար` նշելով. «Ինձ համար որպես անձ մեծ պատիվ է նման պարգեւի արժանանալ, քանի որ աշխատելով Հայաստանում` ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը եւ հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլեւս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր` ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները»: Լը Մորզելեկը շնորհակալություն է հայտնել նաեւ Ֆրանսիական համալսարանի կոլեկտիվին` նշելով, որ թիմային աշխատանքը հաջողության գրավականներից մեկն է:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: