Իմմակուլադա Ջեքմանը վշտից ընկճվել է, երբ նրա Չոնգ անունով շունը դուրս է փախել Լինքոլնի (Նեբրասկա) տնից ու անհետացել։ Դա տեղի էր ունեցել դեռևս 2021 թվականին։ Ժամանակն անցնում էր, սակայն ընտանիքն այդպես էլ չէր կարողանում համակերպվել կորստի հետ։
«Ես միևնույն է շարունակում էի փնտրել նրան, — տեղական WKRC հեռուստաալիքի հետ կիսվել է Ջեքմանը։ — Մենք մինչ օրս պարբերաբար այցելում էինք մեր հին թաղամաս, պարզապես պտտվում էինք փողոցներով ու աչքերով փնտրում նրան»։
Հինգ տարի անց ընտանիքի աղոթքները լսվեցին։ Ընկերուհին Իմմակուլադային ուղարկեց սոցցանցերի մի հրապարակում․ նմանատիպ շան էին գտել Ինդիանա նահանգի բեռնատարների ավտոկայանատեղիի մոտ՝ հարազատ տնից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա։
Ջեքմանն անմիջապես կապ հաստատեց Հենդրիքս շրջանի կենդանիների ապաստարանի (Hendricks County Animal Shelter) հետ՝ Չոնգին հետ վերցնելու համար։ Սակայն այնտեղ նրան տհաճ անակնկալ էր սպասվում․ պարզվեց, որ թափառումների տարիներին ինչ-որ մեկը հասցրել էր չիպավորել շանն իր անունով։
Ապաստարանի աշխատակիցները ստիպված էին կնոջը բացատրել ընթացակարգը․ նրանք պարտավոր էին նախ կապվել չիպի վրա նշված անձի հետ։ Եթե նա չպատասխաներ երեք օրվա ընթացքում, շանը կկարողանային վերադարձնել իր առաջին ընտանիքին։
«Նրանք ինձ խոստովանեցին, որ իրենք էլ ամբողջ հոգով հույս ունեին ու աղոթում էին, որ այդ մարդն այդպես էլ կապի դուրս չի գա», — հիշում է Իմմակուլադան։
Սպասման ժամկետն ավարտվեց, ապաստարանի զանգերին ոչ ոք չպատասխանեց, և Ջեքմանին թույլատրեցին կրկին որդեգրել սեփական շանը։ Չոնգի հետ հանդիպմանը նա եկել էր նրա նոր «եղբոր»՝ Չե-Չե անունով շան հետ, որին ընտանիքը վերցրել էր Չոնգի անհետացումից հետո։
Ապաստարանի տեսախցիկները ֆիքսել են հանդիպման առաջին վայրկյանները․ սկզբում Չոնգը մոտ չի գնացել ու շշմած տեսք է ունեցել, սակայն ակնթարթորեն ճանաչել է տիրուհուն, սեղմվել նրան ու սկսել ուրախ հաչել։
Ջեքմանը կարծում է, որ իրենց պատմությունը պետք է հիշեցում դառնա բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են ընտանի կենդանուն և շարունակում են կարոտել․ «Երբեք մի կորցրեք հույսը, — ասում է նա։ — Անցել է մի ամբողջ հինգ տարի, բայց մենք գտանք նրան»։





























