Լոռիի մարզի Քարաբերդ համայնքն ունի շուրջ 200 բնակիչ, որոնց 90 տոկոսից ավելին ծերեր են, գյուղն այսօր չունի գոյատեւման տարրական պայմաններ, դպրոց ու մանկապարտեզ, ճանապարհներն անբարեկարգ են, չի գործում նաեւ գյուղ-քաղաք միջհամայնքային տրանսպորտը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Քարաբերդի գյուղապետ Յուրիկ Շալյանն ասաց, որ իրենց համայնքը մարզի ամենաաղքատ համայնքն է: Նրա խոսքով, Խորհրդային միության տարիներին լքված գյուղը վերականգնվել է 1990 ականներին, որտեղ այսօր մնացել են միայն ծերերը, դպրոց չունենալու պատճառով երիտասարդները թողել հեռացել են քաղաք:
«Ահագին մարդիկ կային, որ երեխաներ ունեին, ու եթե էստեղ դպրոց լիներ, իրենք չէին հեռանա գյուղից, հիմա մնացել են ծերերը»,-ասաց նա, հավելելով, որ ընդամենը մի 4-5 երիտասարդ ընտանիք կա, որ երեխաներ ունեն:
Քարաբերդ համայնքում հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասնապահությունն է, գյուղը հաճախակի ենթարկվում է գայլերի հարձակման, նախորդ տարի գրանցվել է նմանատիպ 18 դեպք, հոշոտվել` 26 ձիու քուռակ:
Քարաբերդ համայնքի խնդիրները շատ են, առաջինը գյուղապետը կարեւորում է անբարեկարգ ճանապարհի հարցը, գյուղապետաանի շենքի բացակայությունը, գյուղապետարանն այժմ կենտրոնացած է գյուղապետի սեփական տնակում: Յուրիկ Շավելյանի խոսքով, գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվում, քանի որ համայնքը ոչ դպրոց ունի, ոչ մանկապարտեզ, ոչ էլ այդ տարիքի երեխաներ: «Էսօրվա դրությամբ արդեն եթե դպրոց էլ սարքեն, դժվար թե ներգաղթ ունենանք, խելքս չի կտրում»,-ասաց գյուղապետը:
Գյուղում չի գործում նաեւ տրանսպորտը, գյուղացիները շուրջ 6 կմ ոտքով ճանապարհ են իջնում, լավագույն դեպքում խնդրում են համագյուղացիներին, ովքեր մեքենա ունեն, որ իրենց հասցնեն մինչեւ մայրուղի, որտեղից էլ պատահական մեքենաներով գնում են քաղաք: «Գյուղում նույնիսկ մի խանութ չկա: Պետական պաշտոնյանները եւս գյուղ քիչ են այցելում, վերջին անգամ գյուղ ացելել է պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, մարզպետի այցին էլ գյուղում սպասում են»,-ամփոփեց գյուղապետը:
Էդվարդ Արզումանյան




























