Սաուդյան Արաբիան մտադիր է միջազգային նոր կոալիցիա ձևավորել՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու և Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների գործողություններից պաշտպանվելու համար։ Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին հայտնել է Al Monitor պորտալը։
Ըստ աղբյուրների տվյալների՝ Էր Ռիադն ակնկալում է կոալիցիայում ընդգրկել շուրջ 50 պետություն։ Եգիպտոսը, Սուդանը, Ջիբութին և Սոմալին արդեն համաձայնություն են տվել Սաուդյան Արաբիայի նախաձեռնությանը միանալու համար։ Հրավերներ են ուղարկվել նաև Թուրքիային, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, Պակիստանին, Բանգլադեշին և մի շարք այլ երկրների։
Միևնույն ժամանակ, կոալիցիայի ձևավորման հարցում առանցքային է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ինչպես նշում են Al Monitor-ի աղբյուրները, Վաշինգտոնը նույնպես դրան միանալու հրավեր է ստացել։ Պորտալի տվյալներով՝ Իրանի հետ հակամարտության սրման պատճառով Միացյալ Նահանգները կարող է զերծ մնալ հութիների դեմ պայքարից։ Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, դիտարկում են կոալիցիային միանալու հնարավորությունը, եթե դրան անդամակցի նաև ԱՄՆ-ն։ «Բոլորը սպասում են ԱՄՆ-ի որոշմանը։ Առանց իրական ռեսուրսների այս նախաձեռնությունն առաջընթաց չի ունենա», — հայտնել է զրուցակիցներից մեկը։
Ինչպես նշում է պորտալը, Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ կոալիցիան կզբաղվի ոչ միայն հութիների հակազդեցությամբ, այլև Կարմիր ծովում ծովահենության և մաքսանենգության դեմ պայքարով։





























