Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Ողջունելով պատանիներին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ կյանքում: «Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլեւս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն եւ գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր կյանքում, լինի չափազանց կշռադատված ու նպաստի թե՛ ձեր նպատակների իրականացմանը եւ թե՛ մեր երկրի, մեր մայրաքաղաքի բարեկեցությանն ու զարգացմանը» - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շրջանավարտները վստահեցրել են, որ կյանքի ցանկացած իրավիճակում կփորձեն դրսեւորել իրենց այնպես, ինչպես ապրել ու գործել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, ով նրանց համար իրապես հանդիսանում է մարդկայինի, ազգասիրության ու հայրենիքին անմնացորդ նվիրումի չափանիշ:
Ի հիշատակ այս հանդիպման՝ շրջանավարտները քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել են լուսանկարվել իրենց հետ եւ վստահեցրել են, որ այդ լուսանկարը տեղ կգտնի իրենց ավարտական ալբոմում` դառնալով թերեւս հանդիպան ընթացքում իրենց կողմից տրված խոստման ամենապարտավորեցնող հիշեցումը:




























