GIZ/ ԳՄՀ-ի (Գերմանական միջազգային համագործակցություն) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթի առաջարկով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է վերջինիս գլխավորած պատվիրակությանը:

Գյուղնախարարը նախ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը համատեղ իրականացրած ծրագրերի ու աջակցության համար` հույս հայտնելով, որ այդ ծրագրերը կունենան իրենց շարունակությունը նաեւ առաջիկա տարիներին:

Սերգո Կարապետյանը հատկապես ընդգծել է «Կենսաբազմազանության կայուն կառավաման ծրագրի» արդյունավետությունը, որն իրականացվել է ԳՆ «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

«Այս ծրագրի շրջանակներում իրականացված անտառների նկարահանումը շատ կարեւոր էր մեզ համար: Այն լույս սփռեց հատկապես հասարակական կազմակերպությունների մտահոգությունների վրա:Ունեցանք նոր պակերացում Հայաստանի անտառային տնտեսության վերաբերյալ: Շատ կարեւոր էր հանրային իրազեկումը, ինչպես նաեւ ձեր կողմից «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինումն ու մեր մասնագետների ուսուցման ու վերապատրաստման անցկացումը»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարն` առաջարկելով նկարահանել նաեւ ՀՀ ամբողջ հողատարածքները: Սերգո Կարապետյանը կարեւորել է նաեւ Գերմանիայի աջակցությունը օրենսդրական ոլորտում` մասնավորապես անտառային օրենսդրության բարեփոխումներում:

GIZ/ ԳՄՀ-ի (Գերմանական միջազգային համագործակցություն)  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`  ընդգծել է, որ թեեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ իրականացված «Կենսաբազմազանության կայուն կառավաման ծրագիրն» ավարտվել է, սակայն մատնանշել է համագործակցության այն ոլոտները, որտեղ կարող են երկու երկրները` Գերմանիան եւ ՀՀ - ն համագործակցել` մասնավորապես առանձնացնելով գյուղանտեսական մթերքների արտահանման, սննդամթերքի անվտանգության ոլորտները:

Երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ակտիվացման նպատակով GIZ/ ԳՄՀ-ի (Գերմանական միջազգային համագործակցություն)  հայաստանյան գրասենյակի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցելու Գերմանիայում կայանալիք գյուղանտեսական ապրանքների ցուցահադեսին, որտեղ երկու երկրների նախարարները կկարողանան որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:

Սերգո Կարապետյանն ընդունել է հրավերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ կառավարության կողմից մեր երկրում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերին: