Ամստերդամում, մայիսի 10-12-ին, տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի դատավորների միությունը, տեղեկացնում են դատավորների միությունից: Համաժողովին դատավորների միությունների պատվիրակներն անդրադարձել են դատական իշխանության եւ դատավորների անկախության ժամանակակից մարտահրավերներին, տարբեր երկրների դատական իշխանության հիմնախնդիրներին:
Ընդունվել են տարբեր երկրների (Հունգարիա, Հունաստան եւ այլն) վերաբերյալ բանաձեւեր, քննարկվել են նաեւ դատական իշխանության անկախության կայացման, դատավորի դերի բարձրացման եւ դատավորների գործունեության հետ կապված այլ հարցեր:
Համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել դիմել GRECCO-ի խմբին` առաջարկելով խմբի աշխատանքներին ներգրավել նաեւ ազգային դատավորների միություններին: Քննարկվել են նաեւ Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության խնդիրներ:
ՀՀ դատավորների միությունն ընտրվել է «Բելգիական խմբի» անդամ, որի հիմնական խնդիրն այս կառույցների հետ աշխատանքների ամենօրյա համակարգումն է:
Դատավորների եվրոպական միության հաջորդ տարեկան համաժողովը տեղի կունենա 2013 թվականին Շվեյցարիայում:
ՀՀ դատավորների միությունը 2005 թվականից անդամակցում է Դատավորների միջազգային միությանն ու Դատավորների եվրոպական միությանը:


























