IFC-ի աջակցությամբ Հայաստանում տեսչական ստուգումներ իրականացնող գերատեսչությունների ընթացակարգերում ստուգաթերթեր են ներդրվել:

«Ռիսկի վրա հիմնված մոտեցումը ներդնելու արդյունքում` տեսչական ստուգումների ընթացակարգերը Հայաստանում առավել նպատակային, հստակ ու թափանցիկ կդառնան»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Նազարյանը, ով ղեկավարում է IFC-ի կողմից իրականացվող Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը: IFC-ն Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպություն է, որը բիզնեսի աջակցության ծրագրեր է իրականացնում: 

Նոր մոտեցմամբ, տնտեսվարողները բաժանվում են ռիսկայնության երեք խմբերի` բարձր, չափավոր եւ ցածր: Ցածր ռիսկայնության տնտեսվարողները կստուգվեն էապես ավելի քիչ, այսպիսով ստուգումների համակարգը կդառնա առավել հասցեական:

«Նոր մոտեցման ներդրումը հնարավոր է դարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ հաջողված համագործակցության շնորհիվ», - ասաց Ա. Նազարյանը: Ծրագրի շրջանակներում խորհրդատվություն է մատուցվել Հայաստանի կառավարությանը, որի արդյունքներով 2011 թ. ամռանը փոփոխվել է տեսչական ստուգումների վերաբերյալ օրենսդրությունը:

Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը ներկայումս աշխատում է տեսչական այնպիսի մարմինների հետ, ինչպիսիք են` Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը, Հրդեհային անվտանգության տեսչությունը եւ այլք:

Հայաստանում գործում է 18 պետական գերատեսչություն, որ առնվազն մեկ ոլորտում տեսչական ստուգում է իրականացնում: «Մենք միջազգային լավագույն փորձը ներկայացրել ենք Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին` մասնավոր-հանրային մի հարթակի, որը ձեւավորվել է ծրագրի շրջանակներում ներկայացված առաջարկությունների հիման վրա եւ որը նախագահում է վարչապետը: IFC-ի առաջարկված պարզեցումների տրամաբանությունն այն է, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել բարձր ռիսկայնության խնդիրների վրա: Օրինակ` Հրդեհային անվտանգության տեսչությունը պետք է զբաղվի հրդեհի դեպքում շինություններից մարդկանց տարհանման հարցերով` մի կողմ թողնելով պատերի ներկի բաղադրության հարցերը», - նշեց Նազարյանը:

Տեսչական ստուգումներն առավել արդյունավետ եւ թափանցիկ անցկացնելու տեսակետից կարեւոր է, որպեսզի տեսչական ստուգումներ իրականացնող մարմինները կիրառեն պարզեցված ստուգաթերթեր: Վերջիններիս տարբերակն առաջարկվել է IFC-ի կողմից: Խորհրդի որոշմամբ, ստուգաթերթերը փորձարկվում են պետական մարմիններում նախապես տեսչական ստուգումներ իրականացնելու միջոցով: Փորձարկումից հետո դրանք կճշգրտվեն եւ կներկայացվեն կառավարության հաստատմանը: Ստուգաթերթերի մշակումն իր հերթին կարող է հանգեցնել համապատասխան օրենսդրական առաջարկությունների:

«Ծրագիրը նաեւ օգնում է նշված տեսչական մարմիններին` ռիսկի չափորոշիչներ եւ գնահատման մեթոդաբանություն մշակելու գործում, որոնք, ստուգաթերթերի եւ ստուգումների պլանի հետ մեկտեղ, ինտերնետի միջոցով հասանելի կլինեն հանրության համար», - հավելեց Նազարյանը:

Հայաստանի ՊԵԿ-ի Հարկային ծառայությունն առաջինն էր, որի www.taxservice.am կայքէջում զետեղվել է տեսչական ստուգումների առաջին տարեկան պլանը:

Հիշեցնենք, IFC-ի` Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2009 թվականին եւ ուղղված է եղել հարկային վարչարարության, առեւտրի կազմակերպման, շինթույլտվությունների տրամադրման, տնտեսվարողների գրանցման եւ տեսչական ստուգումների ոլորտների բարելավմանը: Ծրագրի երկրորդ փուլը սկսվել է 2011թ. հոկտեմբերին եւ իրականացվելու է մինչեւ 2014 թվականը` ներառելով նոր բաղադրիչ` սննդամթերքի անվտանգությունը:

IFC-ի Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրին ֆինանսապես աջակցում են Ավստրիայի ֆինանսների նախարարությունը եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը: