«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով իրականացնում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիա»-ի մամուլի ծառայությունից, ներկայացված ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Ճապոնայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային միջոցներով:

Նախատեսվում է միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել դատարանների գործունեության մոնիթորինգի մեթոդաբանություն եւ Հայաստանում ներդնել նման համակարգ: Արդարադատության համակարգի արդյունավետության, ինչպես նաեւ դատարանների կողմից կատարվող աշխատանքի որակի բարձրացման նպատակով մոնիթորինգի եւ գնահատման համակարգի ներդնումը դարձել է անհրաժեշտություն Հայաստանի դատական համակարգի հետագա զարգացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության աստիճանի բարձրացման համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել դատական գործառնությունների եւ ծառայությունների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, դատական ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաեւ ապահովել իրավական եւ դատական տեղեկատվության հասանելիությունը` դատական իշխանության անկախության սկզբունքի խստագույն պահպանմամբ: Աշխատանքների կատարման ընթացքում հաշվի կառնվեն Հայաստանի դատական համակարգի բոլոր առանձնահատկությունները:

«Ամերիա» ՓԲԸ իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշել է, որ «Ամերիան» փորձ ունի նմանատիպ խորհրդատվական ծրագրերի իրականացման մեջ եւ այս ծրագիրը տրամաբանական շարունակությունն է նախկինում իրականացված ծրագրերի: «Կարեւոր է, որ մենք կարողանանք ճիշտ շեշտադրումներ կատարել, որպեսզի ապահովվի ինչպես դատական համակարգի անկախությունը, այնպես էլ դատական համակարգի հաշվետվողականությունը հանրությանը: Եթե իրականացվի դատական համակարգի ճիշտ մոնիթորինգ եւ գնահատում, ապա դրա հետ մեկտեղ նաեւ ժամանակի ընթացքում կբարձրանա պատասխանատվությունը: Այդ առումով շատ կարեւոր է ծրագրի արդյունքը եւ հետագա ընթացքը»,- ասել է նա։

Նշենք, որ «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը բաղկացած է մի քանի թեմատիկ փուլերից, որոնք ներառում են Հայաստանում դատարանների մոնիթորինգի իրականացման մոտեցումների ներկա իրավիճակի ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություններ, մեթոդաբանության մշակում, դրա փորձարկում եւ ներդրում: Ծրագրի իրականացման ընթացքում Ամերիան սերտորեն համագործակցելու է ինչպես պետական շահառու մարմինների, այնպես էլ Հայաստանի փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ:

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո կազմակերպել սեմինար քննարկում` նպատակ ունենալով շահագրգիռ կողմերին ներկայացնել ձեռքբերումները, միջազգային փորձը, ինչպես նաեւ քննարկում ծավալել Հայաստանում դատարանների մոնիթորինգի ծրագրի առավել գործնական մեխանիզմների եւ մոտեցումների մշակման ուղղությամբ:

Նախատեսվում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը ավարտել մինչեւ տարեվերջ: