Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նա կալանավորվել է: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։
Ըստ Armlur.am–ի՝ իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։
Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ իր կյանքին ու ինքնասպան լինել։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։




























