Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը մաս կազմող մի շարք կազմակերպություններ դեկտեմբերի 14-ին հայտարարություն են տարածել, թե «ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մասնաճյուղերի բացարձակ մեծամասնության պահանջով դեկտեմբերի 16-17-ը տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»:
«Ելնելով վերոնշյալից` մենք` ներքոստորագրյալներս, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հայտնում ենք անվստահություն և մասնակցում արտակարգ համագումարին»,- նշել են հայտարարության հեղինակները: Ի դեպ, հայտարարության տակ ստորագրել են ՍԴՀԿ Հայաստանի Կենտրոնական վարչության անդամներ Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը, Արմավիրի մարզային վարչությունը, «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչությունը, Կապանի «Աղասի» մասնաճյուղը, Արմավիր քաղաքի «Մեծն Մուրադ» մասնաճյուղը, Վանաձորի «Արչիլ Գորկի» երիտասարդական մշակութային միությունը, Մեղրիի «Փարամազ» մասնաճյուղը, «Հայկ Բժշկյանց» վետերանների միությունը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լիակատար կեղծիք որակեց այդ հայտարարությունը՝ պաշտոնապես հայտնելով, որ վերոնշյալ կառույցների մեծ մասն ընդհանրապես գոյություն չունի: «Վետերանների միությունը դադարել է գործել 4 տարի առաջ, „Մեծն Մուրադը“՝ 3 տարի առաջ, իսկ „Փարամազ“ եւ „Արչիլ Գորկի“ ընդհանրապես չեն եղել»,- նշեց ատենապետը։ Իսկ հարցին, թե ով է կանգնած այս հայտարարության ետեւում, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Դա կազմակերպում է Սեդրակ Աճեմյանը, որ իրականացնի իր բուն նպատակները, որ կուսակցությունը պոկի Հայ ազգային կոնգրեսից»:




























