Երեւանում, այսօր` մայիսի 15-ին, Հայաստանի եւ Չեխիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ։ ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարէլ է նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, չեխական կողմից՝ նախարարի առաջին տեղակալ Յիրժի Շնայդերը։

Հայ եւ չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային հարթություններում համագործակցության ներկա մակարդակը, առեւտրաշրջանառության խթանման եւ մշակութային ոլորտում համագործակցության հեռանկարները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են հայ-չեխական քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման վերաբերյալ, ինչի ապացույցն է անցյալ տարի Պրահայում բացված ՀՀ դեսպանությունը եւ այս տարի Երեւանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակումը։

Քննարկվել են եվրոպական եւ միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին եւ արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաեւ ԵՄ հետ համագործակցության հեռանկարներին:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: